ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Միքայել Մինասյան. Այսօր պետք էր խոսել նոր բանակի մասին

Միքայել Մինասյան. Այսօր պետք էր խոսել նոր բանակի մասին
28.01.2021 | 21:13

Մենք այլևս չունենք բանակ։ Առավոտից մարդիկ ինքնամոռաց շնորհավորում են բանակի տոնը, խոսում են հայ սպայի պատվի և բանակի մարտունակության մասին։ Բայց ես անկեղծորեն չեմ հասկանում՝ այդ աստիճան ինքնախաբեությունը կարևո՞ր է իրականությունից՝ ֆեյսբուքում գրել է Միքայել Մինասյանը։

Բանակն ուներ առաքելություն պաշտպանելու հայ ժողովրդին արտաքին թշնամուց։ Այդ առաքելությունը ձախողեց։ Երկրորդ. բանակը կարող էր երկիրը փրկել ներքին թշնամուց։ Դա էլ չարեց։ Ավելին, մենք հավանաբար միակ բանակն էինք, որ վերջին պատերազմում, ամեն նահանջից ու պարտությունից հետո ավելանում էին ազգային հերոսները, նոր գեներալներն ու նոր մեդալակիրները։ Որքան շրջան էինք հանձնում, այնքան հերոս ու գեներալ էր ծնվում։ Բայց շնորհավորանքների հեղեղն ու պաթոսը չի դադարում։ Բանակի տոնը շնորհավորում են մարդիկ, որոնք ստեղծել են այդ բանակը և չեն ցանկանում տեսնել, որ այն այսօր չկա։ Շնորհավորում են մարդիկ, որոնք բանակը քանդել են։ Շնորհավորում են բարձրաստիճան չծառայածներն ու բանակից թռածները, որոնք գաղափար չունեն՝ ինչ է բանակը։
Ես հասկանում եմ, որ շնորհավորում եք, որովհետև չեք ցանկանում ընդունել շատ ցավոտ իրականությունը, որովհետև գուցե նաև տարիների իներցիա է։ Այսօրվա իշխանավորները շնորհավորում են բանակի օրը ճիշտ այնպես, ինչպես անհավատները շնորհավորում են Սուրբ Ծնունդը։ Եթե այսօր ինքնախաբեությամբ մի կերպ օրը մաշեցիք։ Բա ի՞նչ եք անելու մայիսի 9-ին։ Նույնպես շնորհավորելո՞ւ եք: Որովհետև բացարձակ նույն երևույթներն են նույն հարթությունում՝ շնորհավորել Շուշիի ազատագրման օրը, երբ մերը չէ, նույնն է, որ շնորհավորել բանակի օրը, երբ պարտվեց ու ջախջախվեց։


Բանակը բաղկացած է գեներալներից, սպաներից, զինվորներից և ոգուց։ Մենք ոչինչ չունենք բացի զինվորներից։ Նրանց մի մասն էլ հանգչում է Եռաբլուրում, կամ գերի է, կամ անհետ կորած։ Ես նրանց չեմ կարող շնորհավորել, այդքան ոչ անսիրտ եմ, ո՜չ ցինիկ, ոչ էլ անադեկվատ։ Նրանց պարզապես կասեմ. տղերք, ձեր ցավը տանեմ։


Հ.Գ. Այսօր իրականում պետք էր խոսել նոր բանակի մասին՝ տեսակով, փիլիսոփայությամբ, կառուցվածքով ու նպատակներով նոր զինուժ ստեղծելու մասին։ Բայց որպեսզի սկսվի այդ հանրային դիսկուրսը, պետք է ընդունել, որ հինը մեռած է՝ գոյություն չունի։ Մենք շարունակում ենք կենացներով խաբել ինքներս մեզ։ Պետք է ընդունենք հիվանդությունը, հասկանանք ով է հիվանդացրել, ընդունենք, որ հիմա այլ բան է պետք, հետո արդեն խոսենք նոր ուժի, նոր զինուժի, նոր հերոսի մասին:

Դիտվել է՝ 3938

Մեկնաբանություններ